Կայացել է ՀՀ Վարկային կազմակերպությունների միության տարեկան ընդհանուր ժողովը

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության 6-րդ տարեկան ժողովում Միության նախագահ է վերընտրվել Արմեն Գաբրիելյանը:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նիստի ընթացքում ներկայացվել են 2013-ին Միության կողմից իրականացված ծրագրերը, հաստատվել է 2014թ. բյուջեն: Միության գործադիր տնօրեն Հայկ Ղլիջյանը ներկայացրել է 2014-ին նախաստեսված ծրագրերը, որտեղ թիրախային ուղղություն է հանդիսանում պետական կառույցների, հասարակական եւ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը, հանրային կապերի հաստատումն ու քարոզչությունը, հրապարակումների ու հաշվետվությունների ստեղծումը, ինչպես նաեւ ուսումնական ծրագրերը:

«Պետք է մշակել եւ իրականացնել վարկային մասնագետների ուսուցման, աուդիտի եւ ռիսկերի կառավարման ծրագիր, անցկացնել տարածաշրջանային ուսումնական ծրագրեր վարկային մասնագետների, հաճախորդների պաշտպանության եւ ֆինանսական գրագիտության բարձրացման նպատակով»,- ասել է Հայկ Ղլիջյանը:

Միության նորընտիր նախագահ Արմեն Գաբրիելյանը հույս է հայտնել, որ ապագայում եւս Միությունն առաջ է շարժվելու իմաստուն որոշումներով, եւ կոչ արել ոչ անդամ կազմակերպություններին անդամակցել Միությանը` համատեղ ջանքերով փորձելով լուծել  ոլորտում առկա խնդիրները:

ՀՀ Կենտրոնական բանկի Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը շնորհավորել է Միության նախագահին` հայտնելով ԿԲ պատրաստակամությունը Միության հզորացման աջակցության վերաբերյալ, եւ նշել, որ «Միության կազմում վարկային կազմակերպությունների ձայնն ավելի հնչեղ է, քան առանձին»: 

Արմենակ Դարբինյանը նաեւ փոխանցել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ողջունի խոսքը, որում բարձր է գնահատվում վարկային կազմակերպությունների դերը տնտեսության զարգացման գործում:

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության անդամ հանդիսացող «Ֆինքա» վարկային կազմակերպության տնօրեն Հրաչյա Թոխմախյանն իր հերթին կոչ է արել գործընկերներին անդամակցել Միությանը` նշելով, որ այստեղ բարձրացված հարցերը բխում են ընդհանուր շահերից: 

Նիստի ավարտին Միության նախագահ Արմեն Գաբրիելյանը նշել է, որ վերջերս հանդիպում է անցկացվել ԿԲ իրավաբանական վարչության ներկայացուցիչների հետ, որի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ վարկային կազմակերպություններին հետաքրքրող մի շարք հարցեր առարկայական լուծումներ կստանան:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am