Վարկային կազմակերպությունների միությունն ունի նոր նախագահ

Ս. թ. ապրիլի 6-ին «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնում կայացավ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության Ընդհանուր ժողովի տարեկան նիստը: Ժողովին ​​​բացի ՎԿՄ անդամներից հրավիրված էին նաև ներկայացուցիչներ այլ վարկային կազմակերպություններից, Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակից, Բանկերի միությունից, այլ համագործակցող կառույցներից:

Տարեկան ժողովի նիստի բացմանը ելույթ ունեցավ ՎԿՄ նախագահ Արմեն Գաբրիելյանը՝ իր ողջույնի խոսքն ուղղելով ժողովի բոլոր մասնակիցներին: Նա շնորհակալություն հայտնեց միության բոլոր անդամներին՝ համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի շնորհիվ բարձրաձայնվել և լուծում են ստացել ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ: Նա նաև հյուրերին ներկայացրեց նախորդ ամիս Միությունում կայացած նախագահի ընտրության արդյունքները, համաձայն որի Միության նոր նախագահ է ընտրվել Լուիզա Իգրարյանը:

Միության նորընտիր նախագահն իր խոսքում նշեց, որ ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը մինչ այսօր ստեղծել է ամուր հիմքեր և ձեռք է բերել արժեքներ, որոնք պետք է պահպանվեն և ավելի արմատավորվեն: Նա վստահություն հայտնեց, որ կատարված լայնածավալ աշխատանքները շարունակվելու են՝ վարկային կազմակերպությունների ձայնն առավել միասնական և ուժեղ դարձնելու համար:

Միության գործադիր տնօրեն Նարինե Թերզյանը ներկայացրեց 2015թ.-ի ընթացքում միության կողմից կատարված աշխատանքները, ինչպես նաև ընթացիկ տարում իրականացվելիք ծրագրերը: Նա ընդգծեց, որ միությունն ակտիվ աշխատանքներ է իրականացնում Կենտրոնական բանկի և այլ պետական մարմինների հետ, որի արդյունքում իր անդամների կողմից բարձրացված բազմաթիվ առաջարկներ տեղ են գտնում ֆինասնական ոլորտին վերաբերվող օրենսդրական բարեփոխումներում: Ներկայացվեց նաև միության համագործակցության արդյունքները տեղական և միջազգային կազմակերպությունների հետ, որի արդյունքում հնարավոր է լինում իրականացնել պատասխանատու ֆինանսներին և ֆինանսական ներգրավվածությանը նպաստող մի շարք ծրագրեր, մասնագիտական դասընթացների միջոցով բարձրացնել անդամ կազմակերպությունների մասնագետների որակավորումը:

 

ՀՀ Վարկային կազմակերպությունների միությունը հիմնադրվել է 2008 թվականին՝ նպատակ ունենալով նպաստել ՀՀ ֆինանսավարկային համակարգի      զարգացմանը` վարկային կազմակերպությունների ներուժի առավել ամբողջական և արդյունավետ կիրառման միջոցով: Միությանը ներկայումս անդամակցում են 12 վարկային կազմակերպություններ: ՎԿՄ հիմնական նպատակն է ՀՀ կենտրոնական բանկում, ՀՀ Կառավարությունում, պետական և ոչ պետական այլ մարմիններում, ինչպես նաև միջազգային կառույցներում ներկայացնել և առաջխաղացնել իր անդամների ընդհանուր խնդիրներն ու շահերը: Միությունը համագործակցում է տեղական և միջազգային մի շարք կառույցների հետ, անդամակցում միջազգային SEEP Network ցանցին և Social Performance Task Force նախագծին:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am