Քննարկվում են վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմները (Ֆոտոշարք)

Փետրվարի 25-ից մարտի 1-ը Երեւանում ընթանում է գործնական եւ տեղեկատվական աշխատանքային սեմինար էներգախնայողության, կայուն եւ վերականգնվող էներգետիկայի ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ:

 

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, սեմինարը կազմակերպվել է ԵՄ «Ինոգեյթ» եւ ԱՄՆ ՄԶԳ «Ֆինանսներ տնտեսության զարգացման համար» ծրագրերի, ինչպես նաեւ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության համատեղ նախաձեռնությամբ: 

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության գործադիր տնօրեն Հայկ Ղլիջյանի փոխանցմամբ, սեմինարի հիմնական նպատակն է վարկային կազմակերպությունների աշխատակիցներին ծանոթացնել էներգախնայողության եւ վերականգնող էներգիայի ոլորտում ֆինանսավորման նպատակահարմարությանը, դրա համաշխարհային փորձին, Հայաստանում առկա հնարավորություններին եւ այդ ուղղությամբ շուկայական հետազոտությունների կատարման ընթացքին:

«Մասնակիցները հնարավորություն կունենան նաեւ մշակել այնպիսի վարկային պրոդուկտներ, որոնք նպատակաուղղված կլինեն էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի ոլորտի ծրագրերի ֆինանսավորման համար: Դրանք մշակելու համար ծրագրի ընթացքում կուսումնասիրվեն վերականգնող էներգետիկայի ոլորտում առկա գործառնական, ֆինանսական եւ ներդրման իրականացման ռիսկերը, այդ ռիսկերի գնահատման եւ կառավարման մեխանիզմերը, կուսումնասիրվի նման պրոդուկտների մշակման եւ ներդրման մեթոդոլոգիան»,- ասել է Հայկ Ղլիջյանը:

«Ինոգեյթ» ծրագրի բանկային եւ ֆինանսական փորձագետ Վահան Բաբաջանյանն իր հերթին նշել է, որ մասնակիցներին կփոխանցվի կայուն էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորման գծով արեւմտյան առաջավոր փորձը, գործնականում կտեղեկացվի այն գործիքների մասին, որոնք կիրառվում են կայուն էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորման եւ գնահատման ժամանակ: Նրա փոխանցմամբ, սա նմանօրինակ երրորդ սեմինարն է Հայաստանում, որի արդյունքները, ինչպես եւ նախորդներինը, կամփոփվեն 6 ամիս անց. «Արդեն իսկ ունենք հաջողված արդյունք, երբ բանկերից մեկը ոլորտում կատարել է 6,8 մլն դրամ ծավալով ներդրում: Եթե վարկային կազմակերպության ընդհանուր պորտֆելի 20%-ն անգամ ուղղվի այս ոլորտ, ապա այն կարող ենք հաջողված համարել»:

ՀՀ Վարկային կազմակերպությունների միության նախագահ Արմեն Գաբրիելյանի կարծիքով, էներգախնայողությունը եւ վերականգնվող էներգետիկան այսօր հրամայական են համարվում Հայաստանում. «Վարկային կազմակերպությունների աշխատակիցները կարիք ունեն թարմացնել իրենց գիտելիքներն այս ուղղությամբ: Կարծում եմ, սեմինարի մասնակիցները շատ կարճ ժամանակում կկարողանան մշակել նոր պրոդուկտներ, որոնք աշխուժություն կբերեն կայուն եւ վերականգնող էներգետիկայի ֆինանսավորման ոլորտում»:

«Կայուն եւ վերականգնվող էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորումը տարբերվում է բանկային այլ ծրագրերի ֆինանսավորումից: Սեմինարի ընթացքում մասնակիցներին կսովորեցնենք համապատասխանեցնել իրենց հմտությունները կայուն էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմներին, իսկ արդյունքում ակնկալվում է, որ տեղական բանկերն ու վարկային կազմակերպությունները միջազգային ֆինանսական կազմակերպություններից ստացվող միջոցները կուղղեն այս ոլորտի ֆինանսավորմանը»,- ասել է «Ինոգեյթ» ծրագրի վերականգնվող էներգիայի հիմնական մասնագետ Լարի Գուդը եւ նշել, որ նման աշխատանք տարվել է նախկին ԽՍՀՄ երկրների հետ, սակայն Հայաստանը կայուն էներգետիկայի ծրագրերի ֆինանսավորման առումով ամենաակտիվն է:

Նշենք, որ ՀՀ Վարկային կազմակերպությունների միության հիմնական նպատակն է անդամ կազմակերպությունների համար իրականացնել միացյալ ծրագրեր, որոնք կբերեն նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: Վերոնշյալ սեմինարին Միության անդամ 12 վարկային կազմակերպություններից մասնակցել են 10-ը:

Please reload

Հայաստանի Հանրապետության վարկային կազմակերպությունների միություն

Հասցե: ՀՀ ք.Երևան, Վազգեն Սարգսյան փող. 26/3,  702 սեն.

Հեռ.: (374-10) 52 66 94

Էլ. Հասցե:  director@ucora.am